ԱՆԴՐԱԴԱՐՁ. Որդուս սպանության մեջ ներքաշված են պաշտոնատար անձինք. սպանվածի մայրն անուններ է տալիս (տեսանյութ)
2014թ. հոկտեմբերի 29-ին Շիրակի մարզում՝ Գյումրիում, սպանություն էր տեղի ունեցել: Սպանվածը 25-ամյա Արտյոմ Ադանալյանն էր: Նրա մայրը՝ տիկին Ռուզաննա Ադանալյանը համոզված է, որ որդու սպանությունը բացահայտված չէ, խեղաթյուրված է, կատարվել է խմբակային սպանություն, որը թաքցվում է, ինչպես նաև պատվիրված է եղել և կոծկվել է հանրապետության դատախազի կողմից:
Նա այդ հարցերով դեռևս նախորդ իշխանությունների օրոք բազմիցս է դիմել այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին: Եվ քանի որ վերջինս չի արձագանքել, Ադանալյանը հասկացել է, որ Սարգսյանը չի կարող խնդրին անտեղյակ լինել, և իրեն արհամարհված զգալով՝ նախագահականի դիմաց պատռել է ՀՀԿ-ի անդամատոմսը:
Հեղափոխությունից հետո էլ, տիկին Ռուզաննայի պնդմամբ, իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք շարունակել են բազմաթիվ ապօրինություններ կատարել:
Նա նշեց, որ ինքը ևս եղել է հեղափոխության ակտիվ մասնակիցներից, մեծ հույսեր է կապել հեղափոխության հետ, մասնավորապես՝ որդու սպանության բացահայտման հետ:
Տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, սպանվածի մայրն արդեն նոր կառավարության շենքի դիմաց ևս մեկ բողոքի ակցիա է իրականացրել, որը մեծ աղմուկ է բարձրացրել:
Տիկին Ռուզաննա պնդում է, որ խմբակային սպանությունը կոծկողների արարքում կոռուպցիան է դեր խաղում. «Չի կարող այստեղ ուղղակի հանցագործների արարքը կոծկվել՝ առանց նրանց հետ որևէ գործարքի մեջ մտնելու»:
Ռուզաննա Ադանալյանը նաև պաշտոնատար անձանց անուններ է հնչեցնում.
«Ես ունեմ փաստարկներ, որ որդուս սպանության մեջ ներքաշված են իրավապահ պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, դեռևս սպանության գործով քննության առնվելու ժամանակահատվածում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Գյումրի քաղաքի Մուշի ոստիկանության նախկին բաժնի պետ Հրաչ Սահակյանը և վերջինիս տեղակալ՝ Արա Ազնավուրյանը: Այս անձանց վերաբերյալ ես հաղորդումներ եմ տվել»,- նշում է կինը:
Բացի դրանից, Ռուզաննա Ադանալյանը ԿՀԴՊՎ-ում հաղորդում է տվել նաև ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ՝ այն մասին, որ Դավթյանը և մյուսները կոծկում են Արտյոմ Ադանալյանի սպանությունը:
Սակայն, այսքանով տիկին Ռուզաննայի կողմից մեղադրվող պաշտոնյաների շարքը չի վերջանում. նա մեղադրում է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ նրան «հանցագործ» անվանելով:
«Անդրադարձ» հաղորդաշարի շրջանակում Արիանա Հովսեփյանի զրույցի մանրամասները Ռուզաննա Ադանալյանի հետ՝ ստորև.