Ռուսաստանը Հայաստանում գտնվող ԵՄ առաքելությանը մեղադրել է հակառուսական գործունեության մեջ

ԵՄ առաքելությունն ավելի շատ բացասական գործողություններ է անում Հայաստանի հարևանների՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ և իրականացնում է բացահայտ սադրիչ գործողություններ:
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի անվտանգության և բարգավաճման աղբյուրի մասին։ Ավելին, ԵՄ անդամների գործունեությունը գնալով դառնում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթի»,- պնդում է նա։
Արևմտյան երկրների կողմից տարածաշրջանը ռազմականացնելու և ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու ծրագրեր առկա են, ինչը չի կարող տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն բերել,- նշել է նա:
Դիվանագետն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին: