Լֆին հազար դեկան ոսկի, մէկին ոչ փող մի պղնձի
Սամվել Ալեքսանյանը որոշել է հինգ նոր «Երևան Սիթի» բացել: Լֆիկ Սամվել մականունով հայտնի այս օլիգարխի սիթիների թիվը կդառնա 26՝ չհաշված «Կայզեր» սուպերմարկետները, որոնք նույնպես իրեն են պատկանում:
Սամվել Ալեքսանյանը ոչ միայն սուպերմարկետներով է հարստանում, այլև այլևայլ բաներով: Օղի է կեղծում, ձեթ է կեղծում, տրիկոտաժի գործարաններ ունի, Հայաստան է ներկրում առաջին անհրաժեշտության պարենի առյուծի բաժինը: Շաքարավազ, հավի միս, ձեթ, օղի, կարագ, ալյուր և այլն և այլն... Սամվել Ալեքսանյանի ֆենոմենն այն է, որ նրան է տրվել փող աշխատելու բոլոր շանսերն ու մենաշնորհները:
Արտադրում է, արտահանում է, ներկրում է և ունի վաճառքի ամենամեծ ցանցը Հայաստանում: Ոչ մի մարդ չի կարողանում ներկրել, կամ արտադրել, որովհետև ամեն ինչ նրան է:
Բայց մարդը կանգ չի առնում՝ նորից «Սիթի»-ներ, նորից մեծ սուպերմարկետներ ու նորից մանր բիզնեսին ոչնչացնելու ապազգային ծրագիր: Եթե որևէ թաղամասում բացվում է «Երևան Սիթի», դա նշանակում է, որ այդ թաղամասում միջինում հարյուր մանր առևտրական մնում է առանց հացի: 100 առևտրականը միջինում պահում են 3 հոգի, իսկ խիստ մոտավոր հաշվարկներով, Սամվել Ալեքսանյանի ամեն «Սիթի»-ի դեպքում 300 մարդ մնում է անհաց, իսկ այդ 300 մարդը կա՛մ գնում են երկրից, կա՛մ դառնում գործազուրկ և համալրում ծայրահեղ աղքատների շարքն ու մահանում սովից ու հիվանդություններից:
Ինչպես դասականը կասեր. «Լավ, Լֆի՛կ ջան, թող մի քիչ էլ էն տատիկը կանաչի ծախի»: Իսկապես, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա:
Հ.Գ. Բոլորի կյանքում էլ հատուցման ժամը գալիս է, ու ոչ ոք չի կարող խուսափել պատասխանից: Մարդկանց խաբելով, ստորացնելով դիզված ոսկիները մի օր գերեզմանային դամբարան դառնալու հատկություն ունեն: