Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։
Ուշագրավ է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն կրկին նվազեցրել է բյուջե վճարվող հարկերի չափը։ Այս անգամ կոմբինատը տեղափոխվել է երրորդ հորիզոնական՝ վճարած 15.6 մլրդ դրամ հարկով։
Առաջին հորիզոնական 19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, երկրորդում «Գազպորմ Արմենիան» է՝ վճարած 18.1 մլրդ դրամ հարկով։
Չորրորոդ հորիզոնականում «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 13.2 մլրդ դրամ, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Փրիթի ուիթ»-ը, որ վճարել է 8.8 մլրդ դրամ։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկված մյուս հարկատուները վճարել են 4.2-4.8 մլրդ դրամի հարկեր։ 6-ից 10-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են «Սի ՓԻ Էս Էներջի Գրուփ», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Վիվա Արմենիա», «Սիթի» և «Վայլդբերիզ» ընկերությունները։