Աճել է պետք, ոչ թե փախչել
2019 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև ստորագրված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող գազի գինը 2019 թվականի հունվարի 1֊ից կազմեց 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար։ Միևնույն ժամանակ «Գազպրոմ Արմենիա»-ն խոստացել է շարունակել բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական ատյանների հետ՝ երկրի ներսում մատակարարվող գազի սակագների շուրջ։
Բանակցություններ վարելու մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավաստիացրել, որ թեև Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ, իսկ թե դա որքան ժամանակ և ինչպես է Հայաստանը վճարելու այդ թանկացված գազի դիմաց, Փաշինյանը չէր ասել։
Թեև հունվար ամսին հաջորդել է արդեն գրեթե երկու ամիս, սակայն թե ո՞վ է վճարելու «Գազպրոմ»-ի թանկացրած գազի դիմաց, սպառողները դեռ գազի դիմաց ավելի թանկ չեն վճարում Հայաստանի արտաքին պարտքի ավելացմա՞ն հաշվին, թե՞ կառավարությունը գտել է «Գազպրոմ»-ին վճարելու այլ տարբերակ, որևէ մեկս տեղյակ չենք։ Շարքային քաղաքացիներից բացի, այս մասին տեղեկություն չունի նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչ փուլում են «Գազպրոմ Արմենիա»-ի և Հայաստանի կառավարության միջև ընթացող բանակցությունները։ Ավինյանը ոչ միայն որևէ առարկայական բան չկարողացավ նշել, այլ ավելին՝ տվեց խուսանավող պատասխաններ՝ իսկ դեմքի արտահայտությունից էլ լրագրողներիս համար պարզ էր դառնում, որ թեման ծանր է նրա համար, և չի ցանկանում որևէ հարցի տալ հստակ պատասխան։
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ փուլում են գազի գնի վերաբերյալ բանակցությունները, Ավինյանը պատասխանեց․ «Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Հենց նոր տեղեկատվություն ունենանք տալու, կտեղեկացնենք»։
Լրագրողի հարցին՝ իսկ արդեն հաշվարկներ կա՞ն արված, փոխվարչապետն ասաց․ «Պրոցեսը շարունակական է և աշխատատար»։
Սրանից առավել խուսափոխական պատասխան հնարավոր էլ չէր տալ․ սակայն եթե դա վերաբերեր ոչ թիվ մեկ նշանակություն ունեցող խնդրին, դա դեռ կարելի կլիներ հասկանալ, իսկ երբ պաշտոնյայից նման պատասխան ես ստանում գրեթե ռազմավարական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ, դա արդեն անթույլատրելի է: Սա նշանակում է, որ նրանք կա՛մ անհաղորդ են երկրում կատարվող իրադարձություններին, տեղյակ չեն, թե Փաշինյանն ինչ է բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ, կա՛մ ունեն հստակ հրահանգ՝ լռել, որևէ բառ չասել, որ հետո Նիկոլ Փաշինյանի համար սրբագրման աշխատանքի տեղիք չտան։ Աճեք, պարոնայք, պարզապես աճեք, արդեն տասն ամիս է անցել, իսկ դուք դեռ հարցերի պատասխաններից փախչում եք․․․