Մենք լավ ընկերներ ենք եղել. Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին
Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ: Հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին:
«Այդ հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք իր 60 ամյակը, տասը տարի կտոնենք 70-ը, հետո 80-ը, 90-ը, 100-ամյակը, բայց նա միշտ կմնա երիտասարդ՝ 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, մեր ազգային հսկանեից մեկը»,- ասաց նախագահը:
Լրագրողի հարցին, թե ինքն անձամբ ճանաչե՞լ է սպարապետին, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ ոչ միայն ճանաչել է, այլև նաև իրենք լավ ընկերներ են եղել:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակն է:
Նա սպանվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության հետևանքով: