Խոստանում եմ՝ մինչև իմ ապրելիք օրերի վերջը տեր եմ կանգնելու քո ընտրությանը. Ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հոր հուզիչ ելույթը
Մենք թուրքին զիջելու ոչինչ չունենք, մենք պահել ենք ու պահելու ենք մեր երկիրը, մեր ազատագրված հայրենիքի ամեն մի թիզ հողը, որը ներծծված է մեր եղբայրների, մեր քույրերի մեր զավակների արյամբ, երբեք չի կարող սակարկման ու զիջման առարկա լինել: Այս մասին Ազատության հրապարակում «Արցախցին ես եմ, որոշողը ես եմ» խորագրով հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը:
Նա խոսեց իր համար կարևոր երեք կարևոր հարցի մասին:
Զոհրաբյանն ընդգծեց, որ հողերի հարցը մեզ համար մեկընդմիշտ ու վերջնական լուծված է. «Այդ հարցը լուծել են, հայ ազատամարտիկը, հայ ֆիդային, հայ զինվորը, կամավորականը լուծել են իրենց կյանքի գնով, և այսօր դրանք մեզ համար սրբազան տարածքներ են, սրբազան հայրենիք, իսկ մարդիկ իրենց սրբությունները երբեք չեն զիջում»,-ասաց նա:
Զոհված զինվորի հայրը նկատեց, որ մենք այսօր ուժեղ ենք, մեր բանակ հզոր է, մեր հայրենիքն ամուր է, և սա է թուրքին խաղաղություն պարտադրելու՝ մեր բանաձևը:
«Երկրորդը՝ մեր ազգային նպատակներին հասնելու համար, ինձ համար կա երկու կարևոր ճանապարհ. առաջինը՝ սահմանին կանգնած մեր զինվորի անվտանգությունն է, մեր բանակի շարունակական հզորացումն ու զարգացումը: Սահմանին կանգնած մեր զինվորը միշտ պետք է զգա, որ իր թիկունքը ամուր է, պիտի զգա իր թիկունքի ամրությունը, և ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ, մեզնից յուրաքանչյուրը, ով հնարավորություն ունի, գոնե մեկ անգամ պիտի անցնի սահմանով, լինի զինվորի կողքին, զինվորին տա իր ջերմությունն ու աջակցությունը, ու այդ դեպքում՝ ես ձեզ հավատացնում եմ՝ զինվորը պատրաստ կլինի մեզ, մեր հայրենիքին տալու իր սերն ու ուժը»,- ասաց Զոհրաբյանը:
Երրորդ՝ կարևոր հարցը, ըստ նրա, մեր ազատագրված հայրենիքի վերահայացումն ու վերաբնակեցումն է:
«Եթե երբևիցե անցել եք մեր ազատագրված հայրենիքի այդ շրջաններով՝ Քարվաճառով, Քաշաթաղով, Որոտանով, Կորսականով, և մեր մյուս բոլոր շրջաններով, հաստատ տեսել ու համոզված եք, որ մեր հայրենիքի այդ շրջաններում ապրող մեր հայրենակիցների համար լոկ տարածքներ ու հողեր չեն, դրանք այլևս սրբազան հայրենիք են: Մեր հայրենիքի այդ հատվածներում այսօր սերունդ է մեծանում, այդ սերունդն այսօր բանակ է զորակոչվում, և այդ սերունդը պատրաստ է այսօր զենքը ձեռքին պաշտպանելու Արցախյան ազատամարտի տարիներին իրենց պապերի, հետագա բոլոր տարիներին, Ապրիլյան պատերազմի օրերին իրենց զոհված եղբայրների պահած հայրենիքը, իրենց տունը, իրենց օջախը, իրենց ընտանիքը»:
Ամփոփելով խոսքը՝ հերոսի հայրը նշեց, որ Ապրիլյան պատերազմի օրերին մեր 18-20 տարեկան տղաները, մեր զավակները, իրենց հրամանատարները հավատարիմ եղան միմյանց, հավատարիմ եղան այն մի թիզ հողին, որը կոչված էին պաշտպանելու, նրանք դա պաշտպանեցին իրենց կյանքով, իրենց արյան գնով, և դա արեցին գիտակցաբար:
«Գիտակցաբար ընտրեցին այն ճանապարհը, հայրենիքը պահելու այն ուղին, որն իրենց տարավ դեպքի երկինք՝ ժամեր շարունակ կռիվ տալով իրենց դիրքի, իրենց վստահված հենակետի համար: Սա գիտակցված ընտրություն էր, և այստեղ տարիքը կապ չունի: Եվ այսօր երբ ես երբեմն մտովի, երբեմն բարձրաձայն՝ երկխոսում եմ իմ տղայի հետ, ես անգամ փորձ չեմ անելու իրենց նախատելու, նախատինքի փորձ չեմ անում: Ես իրեն մի բան եմ ասում՝ ասում եմ՝ տղաս, ես ընդունում եմ քո ընտրությունը, ես հարգում եմ քո ընտրությունը, ես խոնարհվում եմ քո ու քո ընկերների, մարտական ընկերների կատարած ընտրության առաջ, ու որպես ծնող, որպես հայր՝ ես քեզ խոստանում եմ՝ մինչև իմ ապրելիք օրերի վերջը ես տեր եմ կանգնելու քո ընտրությանը»,- եզրափակեց նա: