Արդարադատության ոլորտում կխորացվի Ուկրաինայի հետ համագործակցությունը
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հունվարի 30-ին ընդունեցի Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ելենա Սուկմանովային և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին:
Կարևորում եմ իրավական ոլորտում հայ-ուկրաինական համագործակցության ներկայիս մակարդակը և վստահ եմ, որ այն զարգացնելու մեծ ներուժ ու հնարավորություն կա:
Հանդիպման ընթացքում ուկրաինացի գործընկերս անդրադարձավ իր երկրի դատաիրավական ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծված կառույցների գործառույթներին ու դրանց արդյունքներին:
Քննարկեցինք նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուն, քրեակատարողական և պրոբացիոն ոլորտների բարեփոխումներին, հանցագործությունների կանխարգելմանն ու դատական ակտերի կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարևորեցինք նաև իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը խորացնելուն միտված նոր համաձայնագրի մշակումն ու դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցինք»: