Պետք է գնալ «դուխով» փոփոխությունների․ Փաշինյանը մերժեց եկամտահարկը նվազեցնելու՝ ՀՀԿ-ականների առաջարկը
Եկամտահարկի իջեցման հարցում հարկավոր է ոչ թե հատվածային, այլ ամբողջական լուծում։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած առաջարկին։ Վերջիններս առաջարկում են նվազեցնել եկամտահարկի դրույքաչափերը՝ մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 20 տոկոս, 500 հազարից ավելի դեպքում 25 տոկոս:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով առաջարկը, նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է եկամտահարկի դրույքաչափերի նման փոփոխություններին, սակայն դա պետք է լինի ամբողջական հարկային փաթեթի շրջանակներում.
«Մենք գնում ենք այն ճանապարհով, որ ուղղակի հարկերի դրույքաչափերը վերանայելու եղանակով հնարավորություն ստեղծվի այդ միջոցներն ուղղել տնտեսության զարգացմանը: Պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, քանի որ դրա արդյունքում տեղի է ունենալու հարկային մուտքերի որոշակի նվազում: Մոտավորապես, դա կազմում է 45-47 մլրդ դրամ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խնդիրը կմնա օրակարգում:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հավելեց, որ որոշել են այս ոլորտում գնալ «դուխով» փոփոխությունների:
«Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որ ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք և ամբողջական փոփոխությունների գնանք»,- ընդգծեց Փաշինյանը: