Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ»։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշեց, որ ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։
«Պետական լրատվամիջոցները տարածում են ատելություն խոսք։ Պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Սա պետության կողմից թույլատրված ռասիզմ է, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ բացառեց այսպես կոչված «հայատյացությունը»։ Միջավայր, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ՝ խաղաղ պայմաններում հայերին սպանելու համար»,- ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` ռասայական ատելության պետական այս երկարամյա քաղաքականությունը գագաթնակետին է հասել 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ:
«Հայտարարված նպատակն էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց նախագահ Ալիևը՝ «Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց»: 44 օրվա ընթացքում ադրբեջանցի զինվորները պարբերաբար սպանել, խոշտանգել և բռնության են ենթարկել էթնիկ հայերին: Նրանք տեսանկարահանում էին՝ հպարտորեն ցուցադրելով բռնության աննկարագրելի գործողություններ էթնիկ հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ»,- ասաց Կիրակոսյանը: