Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում:
Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութով:
Այցի շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում նախատեսված է տեղեկատվական ցուցանակի տեղադրում:
«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։
Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»):
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։