Բիշքեկում ձերբակալել են 5 ադրբեջանցու, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ
Ղրղզստանում Ադրբեջանի հինգ քաղաքացի է ձերբակալվել՝ Ղրղզստանի ղեկավարության ներկայացուցիչների դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին գրում է Regnum գործակալությունը՝ հղում տալով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հայտարարությանը։
Անվտանգության ուժերի տվյալներով՝ ձերբակալվածները անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ են։
Նրանցից մեկը հանրապետության ղեկավարության դեմ մահափորձի կազմակերպիչն է։ Նա ժամանել է Ղրղզստան՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։ Ինչպես նշում է կոմիտեն՝ «հանցավոր միջավայրն ամրապնդելու և գողական գաղափարախոսությունը տարածելու համար»։ Կազմակերպչի մեկ այլ նպատակ է եղել բարձրացնել իր կարգավիճակը քրեական միջավայրում։
Կոմիտեն հավելել է, որ Ղրղզստանի իշխանություններն ակտիվորեն պայքարում են կազմակերպված հանցավորության դեմ։ Ղեկավարության այս գործողությունները հարուցել են օտարերկրյա հանցագործ առաջնորդների դժգոհությունը, և ի հայտ է եկել մահափորձի ծրագիր։