Սնուպ Դոգի համերգը կկայանա 2024-ի ընթացքում. ԿԳՄՍՆ
Հայտնի ռեփփեր Սնուպ Դոգի՝ 2023-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը կկայանա 2024-ին։ Այս մասին ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման, հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։
«ՀՀ կառավարության 15.02.2024թ. N218-Ն որոշման հիման վրա փետրվարի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» սահմանփակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է N1 համաձայնագիր՝ Սնուպ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի, համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Կատարող կազմակերպությունը ներկայում բանակցում է միջոցառման հստակ ժամկետների վերաբերյալ»,- ասացին նախարարությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանի Հրազդան մարզադաշտում նախատեսված համերգի համար պետբյուջեից վճարվել է 2.318.596.800 դրամ գումար։ Նախարարությունից հետաքրքրվեցինք՝ այդ գումարից ինչքա՞ն է վերադարձվել պետբյուջե համերգի փաստացի չկայանալու հետևանքով։ Եթե գումարի վերադարձ չի եղել, ապա ինչո՞ւ։
«ՀՀ պետբյուջե գումրը հետ չի վերադարձվել, քանի որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» ընկերության միջև փետրվարի 19-ին կնքված N1 համաձայնագրի համաձայն, միջոցառումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել»,-պատասխանեցին նախարարությունից։
Անցած տարվա ամռանը՝ հետպատերազմական Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ոգևորված գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը:
Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարեւան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին:
Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR»։
Հաշվի առնելով ՔՊ-ական պաշտոնյայի նման տրամադրությունը՝ նախարարությունից հարցրեցինք, այս պահին նախարարությունում քննարկո՞ւմ են այլ մեգա աստղի համերգի կազմակերպում Երևանում։ Եթե այո, ո՞ւմ, եթե ոչ՝ ինչո՞ւ։
ԿԳՄՍ նախարարությունից հարցին կիսատ են պատասխանել՝ նշել են, ներկայում նախարարությունում այլ մեգաստղի համերգի իրականացման վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում։ Իսկ թե ինչո՞ւ, լռել են։
Ամեն ինչ պարզ է, իհարկե։