Հայտնի է, թե այս տարի երբ կտոնվի Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը․ նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտելու

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը կտոնի հունվարի 27-ին։
Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է: Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է:
Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս․ Սարգիս զորավարի տոնը հռչակված է Երիտասարդների օրհնության օր:
Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:
Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: