Հիմա եթե այդ անցքերը չարվեին, ու այդ բարձրությունից, Աստված չաներ, լույսերը մի օր պոկվեին ու ընկնեին մի քաղաքացու գլխին, ասելու էիք՝ թերացել ենք․ Սուրեն Գրիգորյան
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ուղղություն է ցույց տալիս լրագրողներին, թե ինչպես կարող են պարզել՝ կապ ունե՞ն արդյոք կառավարության շենքերի վրա արված անցքերն իրենց իշխանության ու իրենց մասնագետների կատարած աշխատանքի հետ, թե՞ ոչ։
Նա «ունիկալ» տարբերակ ներկայացրեց․ «Եթե այդ մեխի վրա լույս կա, ուրեմն նոր է արվել, եթե ոչ, ապա դա մեզ հետ կապ չունի»,- ասաց նա և հավելեց․ «Բայց նենց չլինի, որ տանեն մի հատ մեխի վրա լույս կախեն ու ասեն՝ դուք եք արել»։
Սակայն սրանով փոխքաղաքապետի «ունիկալ» մտածողությունը չսահմանափակվեց։
Թեև մի կողմից նա վստահեցնում է, որ նկարներում պատկերված անցքերն իրենք չեն արել, սակայն մյուս կողմից էլ նկատում է, որ դա արել են ապահովության համար։
Պարզվում է՝ այդքան խորն անցքերն արվել են զուտ նրա համար, որ լույսերն ամուր փակցնեն պատերին։
«Հիմա եթե այդ անցքերը չլինեին, ու այդ բարձրությունից, Աստված չաներ, լույսերը մի օր պոկվեին ու ընկնեին մի քաղաքացու գլխին, հարց էիք տալու կամ պնդում անելու, որ մեր աշխատանքում թերացել ենք և ճիշտ էիք լինելու»,- ասաց Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ զուտ անվտանգությունից ելնելով են այդ անցքերն արվել։