«Հարկ չեք մուծում, բայց պահանջ եք ներկայացնում»․ «Հարկ վճարեմ, որ պարգևավճար ստանա՞ն»․ Քերոբյանի ու տեղահանված քաղաքացու զրույցը (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ Հադրութից տեղահանված քաղաքացիներից մեկը մոտեցավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նա դժգոհում էր, որ հիփոթեքով տուն գնելու համար կանգնել է որոշակի դժվարությունների առաջ։
Նա խնդրեց կառավարությունում բարձրացնել հարցը։
«Կարող եք Կադաստրի կոմիտեին և համապատասխան մարմիններին փոխանցել իմ պահանջները, որ ես կարողանամ 3000 դոլարով բնակարան ձեռք բերել։ Ես ոչ ոքից ողորմություն չեմ խնդրում և չեմ էլ ցանկանում վիզ ծռելով՝ պարտքով փող խնդրեմ»,- ասաց քաղաքացին։
Վահան Քերոբյանը հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքացին աշխատո՞ւմ է և հարկեր է վճարում պետությանը։
«Այո, աշխատում եմ արհեստանոցում, հարկեր չեմ վճարում»,- պատասխանեց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին։
Քերոբյանն էլ, առիթն օգտագործելով, անմիջապես հակադարձեց․ «Փաստորեն, Ձեր պարտավորությունները չեք կատարում պետության նկատմամբ, բայց գալիս, Ձեր կողմից պահանջներ եք ներկայացնում։ Գնացեք, գրանցեք ընկերությունը, հարկերը վճարեք, հետո կգաք»։
Նախարարի հեռանալուց հետո քաղաքացին, արդեն լրագրողների հետ զրույցում, ասաց․ «Հարկ վճարեմ, որ պարգևավճար ստանա՞ն»։