Կրակոցներ Երևանում․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, արնանման հետքեր (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով։ Ու մինչ հիվանդանոց տեղափոխելը, շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց։ Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և, բարեբախտաբար, նրանց վնասվածքները ծեծկռտուքի հետևանք են, այլ ոչ թե հրազենային վերքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ և մասնակիցների ինքնությունները ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնի են։ Նախաքննության շահերից շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հրապարակում։