Հայաստանի կառավարությունն ուզում է հասնել հայ-թուրքական հարաբերությունների շուտափույտ կարգավորման և դրա համար պատրաստ է գործադրել գործուն քայլեր․ Ռուբինյան
Ես չէի ասի, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նահանջ զգում եմ, բայց մեծ առաջընթացի մասին նույնպես հնարավոր չէ խոսել․ ցավոք։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կա՞ նահանջ, թե՞ ոչ։
Ռուբինյանի խոսքով՝ ինքը չէր ասի, որ հարաբերությունների կարգավորումը ոգևորված սկսվեց, բայց նաև չէր ասի, որ հիմա շատ մեծ հիասթափություն կա։
«Այո՛, գործընթաց է և այդ գործընթացը դեռ շոշափելի արդյունք չի տվել, բայց դա չի նշանակում, որ այն կարող է տալ, բայց չի էլ նշանակում, որ հաստատ տալու է»,- նշեց Ռուբինյանը և ճիշտ չհամարեց այս պահին խոսել պատճառների մասին։
Հարցին, թե ինչ մթնոլորտում են անցնում հանդիպումները, և թե թուրք պատվիրակի՝ Սերդար Քըլըչի մոտ հարաբերությունների կարգավորման շահագրգռվածություն կա՞, Ռուբինյանը նշեց, որ երկկողմ հանդիպումները շատ նորմալ են անցնում և ինքը չի կարծում, որ այդ համատեքստում կարևոր է, թե ինչ է մտածում բանակցող անձը։
«Սա վերաբերվում է՝ թե՛ ինձ, թե՛ թուրք պատվիրակին։ Կարևոր է, թե ինչ են մտածում, ինչ են ուզում, և ինչի են պատրաստ երկրների կառավարությունները։ Հայաստանի կառավարությունն ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է գործադրել գործուն քայլեր և նույն ակնկալում է թուրքական կողմից»,- նշեց Ռուբինյանը։