Բայդենը վերահաստատել է Թայվանի հարցով իր դիրքորոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է, որ Թայվանի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։
Անվտանգության քառակողմ երկխոսության առաջնորդների (ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա և Հնդկաստան) գագաթնաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Բայդենին հարցրել են՝ արդյոք փոխվել է ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի հարցում։ Ինչին նա բացասական պատասխան է տվել։ «Դիրքորոշումն ընդհանրապես չի փոխվել, ես դա ասացի, երբ երեկ հայտարարություն արեցի»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը զորքեր կուղարկի Թայվան Չինաստանի ներխուժման դեպքում։
Ավելի վաղ, Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը հայտարարել էր ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ ռազմական մասնակցություն ունենալ Թայվանի պաշտպանությանը «ներխուժման» և նրա ստատուս քվոն միակողմանիորեն փոխելու փորձերի դեպքում։