Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ մտքի տեր մարդ է, շատ հարգում եմ առաջին նախագահին. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
Ես շատ հարգում եմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, դա համարում եմ քաղաքական հայտարարություն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, որ իշխանությունը միջոցների մեջ խտրություն չի դնում՝ իշխանությունը պահելու համար:
«Լևոն Տեր-Պետրոսյանը շատ-շատ ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ունի, իր տեսակետն ունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում Հայաստանի Հանրապետությունը՝ քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ ունեցել է և ունի, և շատ լավ մտքի տեր մարդ է, բայց համարում եմ քաղաքական։ Ես չեմ կարող ասել՝ նպատակը որն է, որովհետև քաղաքական համակարգում Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հաշվով ՀԱԿ կուսակցության ղեկավարն է, այնպես որ ամեն քաղաքական համակարգ հնարավոր է, որ իր տեսակետներն ունենա և արտահայտվի այնպես, ինչպես իր քաղաքական թիմն է մտածում, կամ իր քաղաքական թիմին է հարիր»,- ասաց Սուքիասյանը։
Հարցին, թե այդ հայտարարությունից հետևություններ անո՞ւմ են, Սուքիասյանը պատասխանեց․ «Ընդհանրապես փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետևության առիթ դառնան, կամ հետևության նյութ դառնան և՛ իշխանության համար, և՛ ցանկացած ֆիզիկական անձի համար»։