ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Արցախ այցի պատճառով Ադրբեջանը չեղարկել ԱԳ նախարարների հանդիպումը՝ դա համարելով «ռազմաքաղաքական սադրանք»
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման չեղարկումը։
«Մինչ Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 28-րդ նիստի մեկնարկը, որին մասնակցում էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Մինսկի խմբի համանախագահներն առաջարկեցին անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Հայտնի է, որ Ադրբեջանը միշտ հանդես է գալիս երկխոսության օգտին, և նախորդ հանդիպումներում Նյու Յորքում, Մինսկում և Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարը հակառակ կողմի ուշադրությանն է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումը», - ասել է Լեյլա Աբդուլաևան:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հայկական կողմի «սադրանքը» տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ։
«Տեղեկություններ կան հայ պատգամավորների կողմից «Ադրբեջանի Հանրապետության տարածքներ» անօրինական այցերի մասին։ Այսպիսով, ադրբեջանական կողմը, ի պատասխան Հայաստանի այս սադրանքի, նպատակահարմար չհամարեց երկու երկրների նախարարների հանդիպում անցկացնել Ստոկհոլմում»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան։
Նա հավելել է, որ չնայած երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին, Հայաստանը շարունակում է իր ռազմաքաղաքական սադրանքները։
«Հայաստանի այս դիրքորոշումը խաթարում է տարածաշրջանում խաղաղապահ ջանքերը»,- եզրափակել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը։