«Հերոս որդուս վերջին լուսանկարն է, նկարված Հադրութ քաղաքում, զոհվելուց 3 օր առաջ...». Սմբատ Մազմանյանի հոր գրառումը
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս Սմբատ Մազմանյանի հայրը` Հմայակ Մազմանյանը, գրառում է արել։
«Սեպտեմբերի 27֊ին նահատակված անմահ հերոս որդուս՝ լեյտենանտ ՍՄԲԱՏ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ վերջին լուսանկարն է, նկարված Հադրութ քաղաքում, զոհվելուց 3 օր առաջ՝ սեպտեմբերի 24֊ին։
Երբ գնացել էր Հադրութի իր ապրած վարձով տնից անձնական իրերի ու պիտույքների մնացյալ վերջին մասը բերելու Ջաբրաիլի զինվորական (սպաների համար նախատեսնված) հանրակացարան (ամիսներ առաջ ծառայում էր Հադրութ քաղաքի N զորամասում)։
Խոհուն ու տաղանդավոր որդիս, որը միշտ դեմքին հեգնական ժպիտով ծիծաղկոտ արտահայտություն ուներ, անչափ նիհար տեսք ունի այստեղ (երբեք այդպիսին չէր եղել) և շատ տխուր ու մտահոգ արտաքին, կարծես գուշակում էր օրեր անց գալիք արհավիրքը։ Ես չեմ փոշմանում,նաև անչափ հպարտանում եմ, որ Հայրենիքի համար հերոս առյուծ որդի ենք ծնել, կրթել, դաստիարակել ու մեծացրել։
Փառք նահատակված անմահ հերոս Սմբատիս ու մեր նահատակված բոլոր անմահ առյուծ հերոսներին...»: