«2018 թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը նա ասաց՝ «հողերը արդեն պետք է տաս». Նիկոլ Փաշինյան
Առաջին նախագահն ունի Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997-ին «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածով: Այդ մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ 1996 թվականին նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ և այդ շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին: Հետո այդ օրակարգը ձևակերպվել է որպես 1996-ի նախագահական ձախողված ընտրությունների, կներեք, ժամանակակից բառապաշարով ասած «exit strategy»: Ես դեռևս 2016-ի հուլիսին եմ այդ մասին հայտարարել Խորենացի փողոցում. իմ ելույթում եմ ասել, որ առնվազն 2016-ին նա Սերժ Սարգսյանին ուղեկցվել է բանակցային գործընթացում: Եվ դա կարող եք տեսնել նաև՝ դիտելով 2017 թ. առաջին նախագահի տված հարցազրույցը՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում»,- ասաց Փաշինյանը:
Նա, իր խոսքով, մի գաղտնիք բացեց այն մասին, թե ինչ է իրեն ասել Լևոն Տեր-Պետրոսյանը հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսին:
«Ես հիմա գաղտնիք բացեմ՝ ինչ է ասել առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թ. հուլիսին, մեջբերում եմ՝ «հողերը արդեն պետք է տաս»: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս. առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»,- ասաց Փաշինյանը: