ՌԴ նախագահին ասել եմ, որ ուզում ենք հրադադար 5+2 տարածքի վերադարձի պայմանով. Ադրբեջանը ակնարկել է, որ ոչ թե պետք է լինի 5+2 այլ՝ 7. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից պարզապանեց հոկտեմբերի 19-ին և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները: Նա նաև նոր դետալներ ներկայացրեց Ադրբեջանի տարածքային ակնկալիքներից:
«Փախստականների վերադարձի հարց է եղել, ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե հարցն ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման գործընթացի հետ: ՌԴ նախագահն Ադրբեջանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել, որի արդյունքում պարզ է դարձել, որ այդ կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, երկրորդ՝ պահանջում է, որպեսզի տեղահանվածների հարցը, այդ թվում՝ Շուշին, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ», - մանրամասնեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնարկվել է, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ պետք լինի 7 տարածքի վերադարձ:
«Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև այս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը կտրականապես հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը:
«Եվ սա եղել է 2016թ. քառօրյա և 2020թ. 44 օրյա պատերազմների հիմնական պատճառ», - ասաց Փաշինյանը: