Անգործությունը՝ որպես համազգային և համապետական շահերի ոտնահարում. Կարոլինա Հարությունյան
Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:
Միաժամանակ, ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում նշվում է, որ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1 հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Այսինքն՝ Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կարող է կա՛մ ստորագրել հրամանագիրը, կա՛մ դիմել Սահմանադրական դատարան՝ առաջարկության սահմանադրականության ստուգման նպատակով։
Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը, իսկ եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա այն չի ստորագրվում և օրինական ուժ չի ստանում։
Սակայն, եթե Հանրապետության նախագահը՝ առաջարկությունը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում չի ստորագրում հրամանագիրը և ոչ էլ ուղարկում է Սահմանադրական դատարան, ապա անձը զինվորական պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով` սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում, այնուհետև՝ ստորագրում է այդ գրավոր հայտարարությունը և հրապարակում Կառավարության պաշտոնական կայքէջում:
Այսինքն՝ Հանրապետության նախագահի՝ սույն հրամագիրը չստորագրելու միակ օրինական ճանապարհն այն Սահմանադրական դատարան ուղարկելն է, հակառակ դեպքում՝ անգործությունը հանգեցնում է հրամանագրի օրինական ուժ ստանալուն։
Տվյալ դեպքում, Հանրապետության նախագահը մինչև հինգշաբթի, ժամը՝ 9։00-ը, կարող է կա՛մ չընդունել հրամագիրը և դիմել Սահմանադրական դատարան, կա՛մ ընդունել հրամանագիրը՝ այն ստորագրելով կամ ցուցաբերելով անգործություն։ Թե՛ ստորագրելու, թե՛ անգործություն ցուցաբերելու պարագայում արդյունքը նույն է. Օնիկ Գասպարյանը կհամարվի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված։
Հիշեցնեմ, որ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն ՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Այսպիսով, Հանրապետության նախագահը պարտավոր է գտնվել անաչառ, առաջնորդվել բացառապես ազգային ու պետական շահերով և վարչապետի ներկայացրած առաջարկությունն ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության պահպանման նպատակով։
Հակառակ դեպքում Նախագահի անգործությունը կհանգեցնի համազգային և համապետական շահերի ոտնահարման։
Դե ինչ, սպասենք մինչև հինգշաբթի։
Կարոլինա Հարությունյան