ԲՀԿ-ն չի մասնակցի ԲԴԽ անդամի ընտրությանը (տեսանյութ)
«Մենք չենք մասնակցելու ԲԴԽ անդամի ընտրությանը, չենք քվեարկելու»:
խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ խմբակցությունն այս փուլում քվեարկությանը մասնակցելու քաղաքական նպատակահարմարություն չի տեսնում։
«Մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված։ Մենք չենք մասնակցելու ո՛չ բովանդակային քննարկմանը, ո՛չ էլ՝ քվեարկությանը»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ այսօր Կառավարության օրակարգում պետք է լինեն այլ հարցեր, և դատական համակարգի վերաբերյալ կեղծ օրակարգով առաջ բերված հարցերը պարզապես տեղ չպիտի ունենան։
«Խորհրդարանի այս քառօրյայում ընդգրկված շուրջ հինգ տասնյակ հարցերից և որևէ մեկը չէր արտացոլում այն օրակարգը, որը ծառացած է մեր երկրի առաջ։ Խոսքը վերաբերում է թե՛ զոհերի ընտանիքների ունեցած խնդիրներին, թե՛ Արցախից տարհանված ընտանիքներին։ Իսկ ինչ վերաբերում է այս քվեարկությանը, ապա մենք մեր քաղաքական դիրքորոշումը հայտնեցինք»,- եզրափակեց Տոնոյանը։