Գոգյանը մերժել է նախարար դառնալու առաջարկը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ մինչ Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարար նշանակելը, մի տասնյակի չափ մարդկանց առաջարկվել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանցից մեկը ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն է։
Հիշեցնենք, որ նա այս տարվա մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում գրեց, բայց մինչեւ սեպտեմբեր դեռ պաշտոնավարում էր։ Մոտ 2 տարի ԲՈԿ նախագահ աշխատած Գոգյանն իր որոշումը բացատրում էր նրանով, որ կրթության եւ գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Մեզ հետ զրույցում Գոգյանը հաստատեց, որ իրեն նման առաջարկ եղել է․ «Բանավոր զրույց եղել է այդ թեմայով»։
Հարցին՝ իր և Փաշինյանի մի՞ջև է այդ զրույցը եղել, նախկին պաշտոնյան բացասական պատասխան տվեց՝ մանրամասներ չհայտնելով։ Չհամաձայնելու պատճառների մասին էլ ասաց․ «Եթե ես համաձայն չեմ, որ ԿԳՄՍ կառույց պետք է լինի Հայաստանում, ո՞նց կարող եմ ես այդ կառույցը ղեկավարել»։ Իսկ մերժումը կապվա՞ծ է պատերազմի հետեւանքների հետ։ «Մերժելը՝ չէ, բայց, ինձ թվում է, առաջարկելը կապ ուներ»։ Նա չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: