Փաշինյանի հանդիպումը անհետ կորած զինվորների ծնողների հետ հուսադրող չի եղել
Երեկվա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուսադրող չէր, անհետ կորած զինծառայողների հարազատներն ասացին` եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէին ուզի։
Անհետ կորածի հարազատի խոսքով՝ հաճախակի հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտություն չկա. «Կարելի է մեկ հանդիպում կազմակերպել՝ արդյունավետ, ոչ թե ամեն օր հանդիպումներ կազմակերպել, ուղղակի խոստումներ տալ»։
Հարազատներից մեկը պատմեց, որ իր որդին ծառայում է Ջեբրայիլում, շուրջ 40 օր է՝ լուր չունեն, տարբեր վայրերում փնտրել են, սակայն ապարդյուն. «40 օրից ավելի է երեխան չկա, գնացինք Ղարաբաղ, հիվանդանոցներ, էլ ուր ասես՝ գնացել ենք։ Ասում են՝ Ջեբրայիլ Կարմիր խաչին չեն թողնում մտնի, կրակում են, ես պատրաստ եմ գնալ, ես երեխեքի համար իմ կյանքը կտամ, արժեք չեմ գտնում իմ ապրելը։ 2000 ու 2001 թվականի երեխեքը չկան, էդ սերունդը լրիվ վարի տվեցին»։
Նշենք, զինծառայողների հարազատներն այսօր նախ հավաքվել էին ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ-խնդրանք էին գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը փոխանցեցին դեսպանատուն։