Պատին ծեփվելու ժամանակը
Եթե մի քանի օր առաջ իշխանությունը բերանը ջուր էր առել՝ լսելով հոկտեմբերի 8-ին պլանավորված համահայկական հանրահավաքի մասին ու փորձում էր բոլոր հնարավոր տարբերակներով այդ հանրահավաքից եկող վստանգը ի չիք դարձնել, ապա երեկ իրավիճակ փոխվեց Գագիկ Ծառուկյանի կալանվորումով։
Դա դարձավ այս իշխանության կոկորդին խրված մի ոսկոր։ Հիմա ոչ միայն համահայկական հանրահավաքը ի չիք չի դառնա, այլև կլինի այն, ինչից այս իշխանությունը սարսափում է։ Ի տարբերություն իրեն, որ զուրկ է գաղափարախոսությունից, գաղափարից ու իզմից, ամբողջ ընդդիադմիր դաշտը մեկ մարդու նման համախմբվում է գաղափարի և իզմի շուրջ։
Երեկվանից բոլոր ընդդիադմիր ուժերը, մեկը մեկին հերթ չտալով, հաղորդագրություններով տարածում են, աղաղակում, որ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը քաղաքական և ոչ թե իրավական է, հետևաբար Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտակյալ է։
Հայաստանը քաղբանտարկյալների երկիր դարձնող իշխանությունն ուզում էր չեզոքացնել վտանգը, բայց ստացավ հակառակ էֆեկտն ու ապահովեց համախմբում ողջ ընդդիմության` մի ընդդիմության, որի որակն ու ինտելեկտը մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան իշխանության։
Մեկ անգամ չէ, որ ասվել է` գաղափարներն ու ծրագրերը, ինտելեկտն ու կարողություները գտնվում են ոչ թե իշխանության ներսում, այլ ընդդիմադիրների դաշտում։ Այս դաշտում են համախմբվել խելացի, գիտակ, քաղաքական ուղի անցած մարդիկ։ Այս դաշտում են մարդկային կարևոր հատկանիշներով օժտված մարդիկ, ինչից կարելի է ասել որ զուրկ է քասթինգի արդյունքում ձևավորված այս իշխանությունը։
Իսկ ինչից է ամենաշատը վախենում տգետը՝ խելացի մարդուց և խելքից՝ մի բանից, ինչն ինքը չունի։ Որքան էլ իշխանությունը հայտարարի, թե չի վախենում փողոցով և պատերին ծեփվելով հեռանալուց, ակնհայտ է, որ Ծառուկյանի կալանքը հենց այդ վախի ապացույցն է։ Եթե Ծառուկյանին միանում է հանրապետականը, այլ ընդդիմադիր ուժեր, եթե միանում են այս երկու տարվա ընթացքում իշխանության գործունեությունից հիասթափվածները, ստացվում է մի բռունցք, որի մեկ հարվածը գետին է տապալելու փաշինյանական խունտան։