Սիլիկյան թաղամասում քրեակատարողական նոր հիմնարկ կկառուցվի
Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի 86 հասցեում կկառուցվի քրեակատարողական նոր հիմնարկ: Այս որոշումը հաստատվեց այսօր` ապրիլի 28-ին, Երևանի ավագանու նիստում:
Այդ նպատակով Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 441 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող 15.0 հա մակերեսով հողամասը հատկացվում է Հայաստանի Հանրապետությանը՝ քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 19-ի հ.348-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 441.000.000 դրամ (չորս հարյուր քառասունմեկ միլիոն) կադաստրային արժեք ունեցող 15.0հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը»:
Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից տարածքում ՀՀ արդարադատության նախարարության նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Գույքի նվիրատվության մասին» հ.348-Ա որոշմամբ առաջարկվել է վերոհիշյալ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
Քննարկվող հողամասում նախատեսվում է կառուցել շուրջ 1200 լրակազմ (200 մահճակալ նախատեսվում է բուժման կարիք ունեցող անձանց համար) ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ, որտեղ տեղակայվելու են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները, քանի որ նշված քրեակատարողական հիմնարկները դարձել են ոչ պիտանի հետագա շահագործման և պայմանները խիստ անբավարար են ազատությունից զրկված անձանց համար: