Հակասահմանադրական գործընթացին ոչ մի ձևաչափով չեմ մասնակցելու՝ ոչ դեմ, ոչ կողմ․ Լևոն Քոչարյան
Հանրաքվեն արվում է մեկ մարդու քմահաճույքով՝ սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո։
Նա հանրաքվեն որակեց հակաիրավական, հակասահմանադրական, հակաօրինական պրոցես, որին իրենք չեն մասնակցելու։
«Հայրիկիս հետ մասնակցության մասին չեմ խոսել․ նրան մեկ շաբաթ առաջ եմ տեսել և խոսել ենք ընդհանուր երևույթի մասին։ Ես որոշել եմ, որ ոչ կողմ ու ոչ էլ դեմ դիրքորոշում չեմ ունենալու, քանի որ ինքնին հակաօրինական պրոցես է»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ հանրաքվե անելուց առաջ իշխանությունը պետք է որ ավելի կարևոր հարցերի անդրադառնար, գոնե այն հարցերին, որոնք առաջնային են ոչ թե, այլ ժողովրդի համար։ Որպես այդպիսիք, Լևոն Քոչարյանը մատնանշեց բալային համակարգը, սպանդանոցների հարցը, ու էլի խնդիրներ, որոնց լուծման պահանջով քաղաքացիները լուծումներ են պահանջում կառավարությունից։
«Իշխանությունը փորձում է իրավական հիմք տալ այս ապօրինի գործողություներին ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, սակայն դա բացարձակ սուտ է, ժողովուրդը նման պահանջ չունի»,- ասաց կրտսեր Քոչարյանը։