«Դավիթ Մովսիսյանը բառի բուն իմաստով գտնվում է ապօրինի կալանավորման մեջ». փաստաբան
«Դավիթ Մովսիսյանը բառի բուն իմաստով գտնվում է ապօրինի կալանավորման մեջ»,-Slaq.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալ Դավիթ Մովսիսյանին առաջադրված մեղադրանքին, կալանավորմանը:
«Դատարանի որոշումը, կալանավորման հետ կապված, առաջին կուրսի ուսանողին , անգամ՝ քննությունից կտրված ուսանողին բնորոշ սխալներով լեցուն էր: Հենց այդ տրամաբանության մեջ որոշում է կայացվել : Միանշանակ բողոքարկելու ենք դատարանի կայացրած որոշումը: Եվ քանի որ դատավարական կոպիտ խախտումներով կայացրած որոշում էր, ծավալային առումով մանրակրկիտ պետք է գրվի և կարճ ժամանակահատվածում ներկայացնենք մեր բողոքը»,- հավելեց փաստաբան Գոռ Գևորգյանը:
Հարկ է նկատել, որ որ ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքն իրավական եղանակով ուսումնասիրելուց և լուծում տալուց առաջ նախ հանրայնացվեց, շահարկվեց, ապա քաղաքականացվեց այն ժամանակ, երբ Պաշտպանության նախարարը հայտարարեց. « 3 ձերբակալվածներից մեկը Հանրապետական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի «Շմայս» անունով) որդին է` Դավիթ Առաքելի Մովսիսյանը»: Նախարարի այս հայտարարությունը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Առանձնացված անուն շեշտելով Դավիթ Տոնոյանն ասես խախտեց անմեղության կանխավարկածն այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Գոռ Գևորգյանը սակայն նախարարի խոսքը՝ որպես անմեղության կանխավարկածի խախտում չի դիտարկում, մինչդեռ կարծում է. « Իրավական առումով շատ ավելի վտանգավոր բան է հայտարարել, քան՝ ենթադրենք, ոչ մասնագետ լինելով, կարողանար խախտել անմեղության կնախավարկածը: Նախարարը հայտարարեց, որ չկա որևէ ապացույց ինքնասպանության մասին. դա բացարձակ անտեղյակության կամ կամովին մեկնաբանության արդյունք էր: Իսկ հոր՝ Առաքել Մովսիսյանի անունը կապել որդու հետ, փորձել դիվիդենտներ շահել այս ամբողջ իրավիճակից, հասարակական կարծիք ձևավորել այն դեպքում , երբ զինվոր է մահացել և սլաքը թեքել լրիվ այլ ուղղությամբ պարզապես էթիկայի նորմերի խախտում է և որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Իրավական առումով որևէ նման իրավունք նախարարին վերապահված չէր»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում