Չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի պատասխան. Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է` եթե այս իշխանությունը Արցախի խնդրի մեղքը գցի նախորդների վրա ու ասի թե` սա ենք ստացել, ապա դա իրենց չի արդարացնի:
Ընդհանուր առմամբ, նախկին օմբուդսմենը ու, նույն ինքը` «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Ղարաբաղի հարց, որպես այդպիսին չի դիտարկում:
«Երբ որ ասում են Ղարաբաղի հարց, ես անմիջապես հակադարձում եմ՝ չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի պատասխան, ևս դա հայության պատասխանն է, որը տվել են: Այս տարիների ընթացքում արցախահայությունն ապացուցել է իր կյանքով, որ ոչ միայն ողջ հայության հետ միասին արտաքին թշնամուց ինքնապաշտպանվելու ներուժ ունի, այլ իր ներսում ունի զարգանալու ուժ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա դիտարկմամբ, միջազագյին հանրությունն է նույնիսկ նկատել, որ, չնայած խնդիրներին, Արցախում ժողովրդավարական, իրավական պետությունը կայանում է:
«Մենք պետք է ընկալենք Արցախը ոչ թե որպես իդեալակացված, որևէ խնդիր չունեցող, այլ բնականոն զարգացող օրգանիզմ` բոլոր իր հիվանդություններով, բայց ներքին այն ուժով, որն ինձ համոզմունք է տալիս, որ ինչ ուզում են ստորագրել պետությունների ղեկավարները համանախագահների հետ՝ առոչինչ է Արցախի Հանրապետության համար»,- ասաց Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը նաև հիշեցրեց, որ 2018 թ. դեկտեմբերին Մինսկի խումբը հստակեցրել է՝ սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները:
«Չկա ուրիշ որևէ պատրաստված փաթեթ, որի շուրջ ընդհանրապես կարելի է խոսել»,-ասաց նախկին օմբուդսմենը: