Արցախն ինչ-որ մեկի գրպանում դրված բլիթ չէ, որ մի մաս պոկի ու տա մեկին․ Թևան Պողոսյան (տեսանյութ)
Պետք է գիտակցել, որ Արցախի հանրապետությունը կայացած քաղաքական միավոր է և այն ինչ-որ մեկի գրպանում դրված բլիթ կամ կոնֆետ չէ, որ գրպանից հանեն և ինչ-որ մի մաս պոկեն տան մեկին կամ չտան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։
Նա նկատում է, որ պետք է առողջ քննարկումներ լինեն Արցախի խնդրի շուրջ ու կարողանան Արցախը լիարժեք ներկայացնել աշխարհին։
«Մենք պետք է գիտակցենք, որ տարածաշրջանում միակ զսպող ուժն ու պարտադրող ուժը Արցախի պաշտպանության բանակն է ու Հայաստանի զինված ուժերը»,- ասաց Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, նա նկատեց, որ Արդբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև 2019 թվականին տեղի է ունեցել 5 հանդիպում, և այդ հանդիպումներից հետո միշտ Էլմար Մամեդյարովը դուրս է եկել ու իր պատմությունը պատմել։ Թևան Պողոսյանի խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի վարած քաղաքականության՝ մեր պաշտոնական աղբյուրները մեկ-երկու շաբաթ տարել-բերել են, հետո հասկացել ենք, որ ոչինչ իր տեղից չի շարժվել:
«Այս օրերին տեղի է ունեցել հերթական, մի փոքր ավելի երկար հանդիպում: Բայց երկար հանդիպումներ էլի են եղել` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, այնպես, որ խնդիրը հանդիպման տևողությունը չէ, այլ մենք ցանկացած բանակցություններից հետո պետք է կարողանաք խնդիրների մեկնաբանություններն ի շահ հայկական տեսակետների տանել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում