Ընտրել էի «իզգոյ» բառը, փոխեցի վտարանդի բառով, բայց պետք էր՝ մեկուսացված․ Հակոբյանը ցերեկվա լույսի տակ չի ծխում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նորմալ է վերաբերվում իր հասցեին հնչեցված քննադատություններին։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ հնչեցրած իր հայտարարությանը։
«Ի սկզբանե ընտրել էի այլ բառ՝ «իզգոյ», որը նույնպես դիպուկ չէր, փոխարինող բառ հայերենում չկա, ինձ դահլիճից հուշեցին, միտքս շարունակեցի վտարանդի բառով, բայց ավելի ճիշտ կլիներ՝ օգտագործեի մեկուսացված բառը, քանի որ իմ ասելիքն ուղղված էր ավելի շատ մեկուսացված լինելուն»,- ասաց նա՝ հավելելով, որ ծխողները պետք է մեկուսացված լինեն։
Հակոբյանը խոստովանում է՝ ինքը ևս ծխում է, բայց շատ քիչ և երեկոյան։
«Եթե ես Հայաստանում լինում եմ սրճարանում, որտեղ ծխել չի կարելի, երբեք դուրս չեմ գալիս ծխելու։ Բայց եթե նստած եմ մի տեղ, որտեղ կարելի է ծխել ու գինի եմ խմում, ուզում եմ ծխել։ Տանը, աշխատավայրում չեմ ծխում, ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում, միայն ընկերների հետ, կախվածություն չունեմ»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ Հրաչյա Հակոբյանը հայտարարել է․
«Բավականին օգտակար և կարևոր նախագիծ է: Իմ փորձով կարող եմ ասել՝ ես ծխող էի, հիմա շատ հազվադեպ եմ ծխում, առաջին անգամ, երբ ես հայտնվեցի օդանավակայանում՝ այն վայրում, որը թույլատրված էր ծխողների համար, ես ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ», վտարանդի: Հիմա ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ծխող ընկերներից, բայց ես պետք է ասեմ՝ այո, էդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն վտարանդի»։