Կենդանաբանական այգու տարածքում վնասազերծում են թափառող շներին
Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և կից տեսանյութեր հրապարակել, որտեղ երեւում են վնասազերծված շները։
«Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,- գել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի կենդանաբանական այգում շների ոհմակը հոշոտել էր այգու 3 կենգուրուներին, իսկ այսօր առավոտյան աշխատակիցները հայտնաբերել էին 3 անկած մուֆլոնների։
Անձնակազմի կարծիքով՝ շների հարձակումից պաշտպանվելու լավագույն միջոցը այգու շուրջ պատնեշ կառուցելն է, որի հարցը դեռ չի լուծվում։
Նշենք, որ այսօր առավոտյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է հրաժարական տալ։ Կարճ ժամանակ անց տնօրենը հրաժարականի դիմում էր գրել։