Արցախ վերդառնալու շանս կա․ Արտակ Բեգլարյան
Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. PodCut-ի եթեր-ում այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Ես չեմ տեսնում, որ միջազգային աշխարհակարգը, այդ թվում տարածաշրջանի հարաբերությունը և ՀՀ պաշոտանկան դիրքորոշումը որևէ բարենպաստ միջավայր են ստեղծում դրա համար»,-ասել է նա՝ հավելելով, որ վերադարձի համար, ըստ նրա, պետք են պայմաններ։
Արտակ Բեգլարյանը նկատում է, որ ժողովրդի գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, պատրաստ չէ վերադառնալ՝ Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու։
«Իսկ ադրբեջանական տիրապետության բացառումը նշանակում է լիարժեք պայմանների ստեղծում։ Իսկ առանց ՀՀ պաշտոնական դիրքորոշման ու ջանքերի դրան չենք կարող հասնել, դա աքսիոմա է»,-ասում է նա։
Բեգլարյանի դիտարկմամբ, միայն ռուսական կողմին է որոշ չափով հետաքրքիր արցախցիների վերադարձը, որովհետև դա խաղաղապահների տեղակայման հիմնավորում կտա, բայց նույնիսկ ռուսական կողմը պատրաստ չի մեծ գին վճարի դրա համար։
«Ամեն դեպքում, պետք է պատրաստ լինենք և սպասենք բարենպաստ պայմանների։ Պատրաստ լինել՝ նշանակում է հույսը չկորցնել, արցախցիների իրավունքների մասին խոսել, միջազգային դատարաններ դիմել, բարբառն ու համայնքը պահել»,-ասում է Բեգլարյանը։