«Պովոդոկ»-ը դա թոկն է․․․․ Հայաստանի և մեր հավաքական ճակատագրի մասին ձեր անձնական վախերը թոկի պես պարտադրում եք հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից․ Լիլիթ Գալստյան
«Պարոն Փաշինյան, երեկ «պովոդոկ» բառի հայերեն համարժեքն էիք փնտրում, դա թոկն է, մանավանդ ձեր խոսքի համատեքստում։ Եվ դա Հայաստանի և մեր հավաքական ճակատագրի մասին ձեր անձնական խեղված պատկերացումներն ու վախերն են, ձեր անձնական պարտությունը, որ թոկի պես պարտադրում եք հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից, հակադրելով պատմական և իրական հայաստանները»։
ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու ձեր համոզումը ցեղասպանական հանգրվան ունեցավ, ու հիմա դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի պատմական ճակատագիրը փոխելու ձեր «փրկչական» առաքելությունը ինչ նոր ողբերգության կհանգեցնի:
Պառակտեցիք և հակադրեցիք հնարավոր ամեն բան, անգամ Հայաստանը Հայաստանին»,- ասաց նա։
Լիլիթ Գալստյանն անդրադարձավ կրթական համակարգի խնդիրներին։ «Կայուն, ներառական, համընդհանուր բարեկեցություն ապահովող և մասնակցային կրթական համակարգ, այսպիսին է կառավարության ծրագրային խոստումը։ Հաստատումներ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ»։