Աննախադեպ ցուցանիշ. Նիկոլ Փաշինյանի աշխատանքը «լիովին դրական» է գնահատում միայն 8 տոկոսը
«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը»: Այսպիսի հարց է ուղղել «GALLUP International association»-ը Հայաստանի 1100 քաղաքացու:
Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց «GALLUP»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` մեջբերելով Նիկոլ Փաշինյանին, թե ունենք «աննախադեպ ցուցանիշ»:
«Եթե 2023 թվականի հունվարին 13,8 տոկոսը, իսկ մարտին` 16,2 տոկոսը նշել է, որ «լիովին դրական» է գնահատում, ապա անգամ այդ ցածր ցուցանիշը հիմա կիսվել է, և միայն հարցվածների 8 տոկոսն է լիովին դրական վերաբերվում Փաշինյանի աշխատանքին։ Ունենք 17,1 տոկոս ովքեր ավելի շուտ դրական են գնահատում, այսինք` դրական տիրույթում մոտ 25 տոկոսն է, բայց եթե տատանվողներին հանենք, հստակ հետևորդները, ովքեր ամեն ինչում համաձայն են նրա հետ, միայն 8 տոկոսն են մնացել: Սա խոսուն և ցցուն պատկեր է: Գրեթե 20 տոկոսը նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում և 47,1 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատում նրա աշխատանքը: Ունենք 70-75 տոկոսի չափով բացասական պատասխան` կապված Նիկոլ Փաշինյանի աշխատանքի հետ»,- եզրափակեց Նավասարդյանը: