Հայաստանի 90 տոկոս բնակչության համար ընդունելի չէ Տավուշի 4 գյուղերի հանձնումն ու այդ մարզից սահմանազատումն սկսելը
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումն իրականացնել փուլային և նախատեսում է սկսել Տավուշի մարզից, ինչը նշանակում է 4 բնակավայրերի, գյուղերի, անկլավների փոխանցում Ադրբեջանին: Որքանո՞վ է այս մոտեցումը Ձեզ համար ընդունելի»: Ի թիվս այլ հարցերի, «GALLUP»-ի մասնագետներն այս հարցն են ուղղել 1100 քաղաքացու:
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ «միանշանակ ընդունելի է» պատասխանել է հարցվածների 2,9 տոկոսը, «ավելի շուտ ընդունելի է»` 6 տոկոսը, «ավելի շուտ ընդունելի չէ»` 7,8 տոկոսը, և 79,7 տոկոսը նշել է, որ «ընդհանրապես ընդունելի չէ», 3,6 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանելուց:
«Այսինքն շուրջ 90 տոկոսը կարծում է, որ այս մոտեցումն ընդունելի չէ և միայն 2,9 տոկոսն է միանշանակ համաձայնն այս մոտեցմանը»,- ասաց Նավասարդյանը: