ՔՊ-ին անհանգստացնում է «Զվարթնոցում» ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Մեզ անհանգստացնում է այդ հարցը, մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Որոշումներ երբ լինեն, ինստիտուցիոնալ ճանապարհով բոլորս կիմանանք»,– նշեց Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննսիյանի` հանրության շրջանում եղած անհանգստությունները նաև իրենց քաղաքական թիմում կան, հենց այդ կոնտեքստում էլ քննարկումներն են ընթանում։ Նրա խոսքով` անհանգստությունները վերաբերում են ոչ թե սահմանապահների թվին, այլ նրանց այնտեղ լինելուն։
Արթուր Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ սահմանապահների լինել-չլինելու հարցն առաջ է եկել իրենց պաշտոնավարման 6 տարվա ընթացքում։
Հարցին` արդյոք այս մասով քննարկումներ սկսվե՞լ են նաև ռուսական կողմի հետ, Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել։
«Հարցն այսքանով սահմանափակենք»,-ասաց պատգամավորը։