3 մլն դոլար դրամաշնորհ՝ որոշ գյուղական տնային տնտեսությունների․ ովքե՞ր կստանան դրամաշնորհը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ նախագծի, նշվում է, որ «Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի» (JFPR) կողմից առաջարկվող այս 3 մլն դոլարի դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:
Ծրագիրը կիրականացվի ՀՀ երկու մարզերում՝ Շիրակ և Տավուշ, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:
Որոշման նախագծի մեջ մասնավորապես նշված է, որ․ 10 գյուղի կտրամադրվեն կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ՝ նվազեցնելու էներգիայի ծախսերը, կգնվեն փոքր մասշտաբի արևային ֆոտովոլտային կայաններ, կստեղծվեն շրջանառու ֆոնդեր, որտեղ արևային ՖՎ կայաններից ստացվող էներգիայի խնայողությունները կներդրվեն գյուղատնտեսական տարբեր ենթածրագրերում։
Ծրագրին կարող են մասնակցել այն գյուղական տնտեսությունները, որոնք
ունեն մեկ վաստակող տնային տնտեսություն,
կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունը,
մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխաներ ունեցող և հաշմանդամ անձինք ունեցող տնային տնտեսություն։