Մենք եկել ենք պահանջելու՝ չքանդել մեր տունը․ բողոքի ակցիա՝ «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորման որոշումը չեղարկելու համար
«Գոյ» թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են չեղարկել «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորման որոշումը։
«Մենք եկել ենք պահանջելու՝ չքանդել մեր տունը։ Պահանջում ենք մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլել, ազատությունը չխլել, մեզ, իրենց ասած, լավությունը չանել»,-այս մասին լրագրողների հոտ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը։
Նա նկատեց, որ իրենց գլխի տակ փափոիկ բարձ են դրել և ասել, որ թատրոնը չի լուծարվի, իսկ այժմ կանգնել են խնդրի առաջ։
«Իրենք (նկատի ունի գործող իշխանությանը-հեղ․) առ այսօր ոչ մի բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով, «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է։ Մեր պահանջն է, որ կարողանանք ազատ ստեղծագործել հայրենիքում»,-ասաց Արթուր Սահակյանը։
Նա նշեց, որ ԿԳՄՍն-ի կողմից նշանակված նոր տնօրենի պաշտոնակատարին, հաշվապահին, և կադրերի պատասխանատուին կանչել են նախարարություն, որպեսզի ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի, համաձայն են միավորվելու։
«Մենք մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ»,-ասաց ռեժիսորը։
Նա տեղեկացրեց, որ այսօր նաև երթով կգնան Վերաքննիչ դատարան, որ պահանջեն անօրինական գործը կասեցվի։