«Կատակով եմ ասել». Քերոբյանը, երկնիշ աճ չապահովելու դեպքում, իր հրաժարական տալու մասին (տեսանյութ)
ԱԺ հերթական նիստի ընթացքում, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթի ժամանակ, Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց նախարարին, որ նա տնտեսական երկնիշ աճ էր խոստացել։
«Ուզո՞ւմ եք մի հատ էլ միացնեմ Ձեր ձայնագրությունը, պարոն Քերոբյան, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Թե՞ Ձեր խոստումը մնացել է տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ` այսինքն ըստ Ձեր տրամաբանության, խցանման մեջ»,-նախարարին դիմեց պատգամավորը։
Նրան արձագանքելով Քերոբյանը նկատեց, որ իր ասածը չի կարելի ընկալել որպես լուրջ խոստում, քանի որ կատակել է։
«Ձայնագրությունը, որը պետք է միացնեք` կիսատ է։ Եթե բարի լինեք միացնել այն ամբողջությամբ, ապա պարզ կլինի բոլորի համար, որ իմ արած արտահայտությունը կատակ էր»,-ասաց Քերոբյանը:
Ի պատասխան նրա նման պատասխանի` պատգամավորները ծիծաղեցին։
«Իհարկե, կարող եք ծիծաղել, դա ձեր իրավունքն է, բայց այն կոնտեքստը, որով դա ասվել է` կատակով է ասվել։ Ես ասել եմ` եթե չապահովեմ` հրաժարական կտամ, գո՞հ եք»,-ասաց Քերոբյանը։
Նա նաև հարց ուղղեց պատգամավորին, թե արդյոք նա նույն պատվախնդրությամբ կթակի՞ ԿԲ֊ի ու բոլոր այն միջազգային կազմակերպությունների դռները, որոնք նույնպես տնտեսական աճի մասին կանխատեսումներ են արել և վրիպել են։
Արեգնազ Մանուկյանն իր հերթին նկատեց, որ մինչ նախարարը կատակներ է անում, կորցնում է իր վստահությունը։ Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց նրան տնտեսական աճի մասին տված հույսը, երբ Քերոբյանն աոել էր, թե տնտեսական աճ խոստանալով` պարզապես հույս է տվել ժողովրդին։