ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են վերսկսել աշխատանքային ուղեւորությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան․ Լավրով
Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«2020 թվականի նոյեմբերի 9 -ից անցել է գրեթե մեկ տարի և հիմնական արդյունքն այն է, որ կայունությունը հաստատվել է, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ չենք տեսնում որևէ բռնի գործողություն: Կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել . իրավիճակը այնտեղ այժմ կայուն է, չնայած, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվել են Բաքվի եւ Երեւանի հետ ` վերսկսել աշխատանքային ուղեւորությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։Որքանով որ ես եմ հասկանում, նրանք համաձայնեցրել են իրենց ուղևորությունների վերսկսումը տարածաշրջան՝ այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում զրուցել Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ հանդիպումները Ստեփանակերտում»,-ասել է նա: