«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է»․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:
Նոյեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են համաձայնության տարբերակներ, եթե ոչ ամենասկզբում, ապա X օրից Շուշին, որպես պատերազմի դադարեցման նախապայման եղել է օրակարգում, և դա անհերքելի փաստ է։ Փաշինյանի հայտարարությունից հետո արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ժամեր անց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Փոխանցում է Pan.am-ը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ դեռ հոկտեմբերին համոզել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները կարողանան վերադառնալ Շուշի, բայց հայկական կողմը դրան դեմ է եղել: Նա նաև հավելել է, որ չի հասկացել՝ ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել ընդունել այդ պայմանը: