«Մամ, մի լացի»․ 1․5 տարեկան փոքրիկը խնդրում էր․ 40-ամյա այրին ունի 3 երեխա և բազում խնդիրներ․ տղաները զրկված են նաև հեռավար ուսուցումից (վիդեո)
Ռուզաննա Կոստանյանն Արմավիրի մարզի բնակչուհի է։ Մոտ 2 տարի առաջ նա կորցրել է ամուսնուն, որից հետո կանգնել է խնդիրների առաջ։
40-ամյա կինն ունի 16 և 14 տարեկան տղաններ, իսկ ամուսնու մահից 1 ամիս հետո էլ ծնվել է նրա աղջիկը՝ Մարիամիկը, ով հիմա 1,5 տարեկան է։
Կինը պատմում է, որ ամուսնուն սպանել են Կրասնոդար քաղաքում։ Նրան սպանողը, կնոջ խոսքով, ազատության մեջ է այժմ, իսկ իր ընտանիքը՝ ծառացած բազում խնդիրների տակ։
Ընտանիքն ստանում է թոշակ՝ կերակրողին կորցնելու համար և 37000 դրամ նպաստ, սակայն այս ընթացքում սոցիալական խնդիրներն այնպես են հասունացել, որ կուտակվել են մի բավականին մեծ կոմունալ պարտքեր և առաջ են եկել առողջական խնդիրներ։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Ռուզաննա Կոստոնյանը խոստովանեց, որ այս ընթացքում եղել են օգնողներ, ում շնորհիվ կարողացել են վերանորոգել ջարդված դուռը, ձեռք են բերել բազմոց, որի վրա տղաները քնում են և էլի մի շարք սոցիալական հարցեր են լուծել, սակայն կուտակված կոմունալ պարտքերն ու տղայի առողջական խնդիրները դժվարություններ են ստեղծում։
Ռուզաննայի մեծ տղան մեկ ամիս աշխատել է սննդի կետում, որպես մատուցող, սակայն շատ չնչին գումար է վաստակելով՝ հրաժարվել է իր աշխատանքից։
«4000 դրամ էր ստացել, գնաց քրոջ համար պամպերս (տակդիր-հեղ․) առավ եկավ»,-ասաց կինը։ Նա նկատում է, որ այսօր իր դպրոցական տղաները խնդիր ունեն նաև հեռավար ուսուցման հետ կապված։ Տան միակ ջարդված հեռախոսով հազիվ կարողանում են մի կերպ խոսել․ «Նույնիսկ տառերի կեսը չի աշխատում»,-ասում է Ռուզաննան, ով խնդրով դիմել է ուսուցչին, նա էլ դիմել է Արմավիրի մարզպետարան, սակայն այդպես էլ անհրաժեշտ տեխնիկա չեն հատկացրել և տղաները դուրս են մնացել ուսումնական պրոցեսից։
Կինը դիմել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նրան ասել են, թե ոչնչով չեն կարող օգնել, քանի որ նպաստ ու թոշակ արդեն ստանում է․ «Ինձ ասում են՝ ուրախ եղի, որ նպաստ ես ստանում, ուրիշներն էդ էլ չեն ստանում։ Ախր ես նպաստն ու թոշակն իմ կարգավիճակի համար եմ ստանում, հիմա ի՞նչ, գնամ մեռնե՞մ, չապրե՞մ էլ, որ լավ լինի։ Ինչի՞ են ինձ ամեն տեղ դա երեսով տալիս»,-ասում է Ռուզաննա Կոստանյանը։
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ եթե գոնե իր կոմունալ պարտքերը զրոյացվեին, ինքը կընկներ հունի մեջ ու մի քիչ թեթևացած կզգար։
Կինը մտահոգված է նաև տղաներից մեկի առողջական վիճակով։ 14-ամյա տղան ունի սրտի անբավարար աշխատանք և շնչուղիների հետ կապված խնդիր։
Մեր խոսակցության ընթացքում Ռուզաննան չէր կարողանում թաքցնել հուզմունքն ու արցունքները, ու հենց այդ ժամանակ փոքրիկ Մարիամիկն խնդրեց մորը․ «Մա՛մ, մի լացի»։ «Չեմ լացում բալես»,-ասաց կինը՝ ձեռքով մաքրելով արցունքներն ու փակելով դեմքը․․․
Մանրամասները՝ տեսանյութում