«Կանչել էին, որ ինձ գժանոց տանեն»․ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող կնոջը փորձել են հոգեբուժարան տանել
ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ Նինա Իվանյանն արդեն 15 տարի է՝ թակում է տարբեր պատկան մարմինների դռներ ու խնդրում վերականգնել իր նկատմամբ տեղի ունեցած անարդարությունը։ Բանն այն է, որ Նինել Իվանյանն աշխատել է «Արմենիա» ԲԿ-ում և հեռացվել՝ անօրինական ճանապարհով։ Համենայն դեպս, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա վստահեցնում է, որ իրեն անարդար են հեռացրել և փոխհատուցում է պահանջում։
Նախկին իշխանությունների օրոք արդյունքի չհասնելով՝ Նինել Իվանյանը դիմել է նոր իշխանություններին ու արժանացել նախորդների նույն պատասխաններին։
Կառավարության դիմաց հերթական ակցիայի ժամանակ էլ կնոջը փորձել են ուժով հեռացնել։ Իսկ ավելի կոնկրետ՝ նրա համար շտապօգնության մեքենա են կանչել՝ հոգեբուժարան տեղափոխելու նպատակով։
Այդ մասին կինը ահազանգեց մեր խմբագրություն։
«Պլակատներս կախել էի ծառից ու ինձ համար հանգիստ կանգնել էի։ Ոչ մի բան չէի խոսում։ Մեկ էլ ժամը 2-ի կողմերը շտապօգնության մեքենա եկավ։ Բուժաշխատողները դուրս եկան ու սկսեցին ուշադիր ինձ նայել»,- ասաց կինը, ով ասում է, որ կեսկատակ-կեսլուրջ հարցրել է, թե ի՞ր հետևից են եկել, և ստացել է դրական պատասխան։
«Սկզբում չհավատացի, հետո տեսա՝ չէ՛, լուրջ են ասում, ասացի՝ իմ հետևից ինչի՞ եք եկել, գնացեք կառավարության գժերի հետևից»,- պատմում է կինը, ով վստահեցնում է, որ իր իրավունքների վրա բռնանում են, և իր կյանքը վտանգված է։
«Ես գի՞ժ եմ, որ ինձ տանում են գժանոց, թող իրենք գնան, որ անտեղի տեղն իմ անունի հետ չխաղան։ Եթե ես իմ իրավունքներն ուզում եմ պաշտպանել ու դա իրենց դուր չի գալիս փորձում են գժանոց տանել, ուրեմն ինչ ասես՝ կարող են անել»։