Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Շամշադինի մի բուռ արևն ու Վաղազինի փոքրիկ հերոսները (լուսանկարներ)


narine vardanyan

Նարինե Վարդանյանը ծնվել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, տեսել ու լսել է թշնամու կրակոցի ձայնը, բակի երեխաների հետ պատսպարվել է անվտանգ նկուղներում: Սահմանապահ աղջիկ է, ով իր ժպիտով, բարությամբ ու խելացիությամբ տարբերվում է շատերից: Հիմա էլ գտնվում է Արցախի Վաղազին գյուղում ու ուսուցչական աշխատանքից զատ, Արցախ աշխարհի փոքրիկներին սովորեցնում է, թե ինչպես մնալ հայ, ապրել հայրենի հողում ու լինել նոր Հայաստանի խելացի զավակը:

NEWSPRESS.am-ը ներկայացնում է հարցազրույցը՝ Նարինե Վարդանյանի հետ:

-Ինչո՞ւ որոշեցիք թողնել տունն, ընտանիքն ու ընկերներին և գալ այս հեռավոր գյուղը:

-Որևէ հեռավոր գյուղում աշխատելու միտք վաղուց կար․ գյուղը սիրում եմ ու հողը կարոտում էի վերջին տարիներին։ Բայց միտքը՝ գալ ու դասավանդել գյուղում, ու անել դա հիմա, մի քիչ ավելի ուշ հասունացավ: 2015-ին ես մասնակցեցի իմ կյանքի առաջին բողոքի ակցիային, 2016-ի ապրիլին երևի մեծացա մի քիչ՝ պատերազմի հետ, իսկ 2017-ը վերջերս հանդիպած բոլոր խնդիրների լուծումը բերեց՝ եկա Արցախ։ Ուսանող եղած ժամանակ մտածեցի, որ հասարակությունն ունի կրթության հետ խնդիր, ու դա մնացած չարիքները ծնող չարիքն է, ես երևի եկա այդ չարիքը թեկուզ մեկ մարդու չափով փոքրացնելու։ Տուն, ընտանիք, հարազատներ չեմ թողել, հակառակը, ավելացրել եմ ևս մեկ տուն, ևս մեկ ընտանիք ու ավելի շատ հարազատներ:

narine vardanyan 1

-Ի՞նչ սովորեցիք այդտեղ: Հիմա ինչպե՞ս եք նայում կյանքին ու արդյո՞ք Ձեր ապագան կապում եք հենց այդ գյուղի ու երեխաների հետ:

-Երեխաներից արդարամիտ լինել եմ սովորում։ Մարդկանցից սովորում եմ՝ ինչ չպետք է անել։ Ինչպես եմ նայում կյանքին․․․ ես հիմա ավելի քան երբևէ վստահ եմ, որ Հայաստանում հնարավոր է ապրել, հնարավոր է սիրել հողը, հնարավոր է ստեղծել տուն։ Ես հիմա ավելի խորն եմ սիրում էս ամեն ինչը։ Երկու տարի անց կվերադառնամ Երևան, բայց գյուղի հետ կապս երբեք չեմ կտրի, առանց երեխաներիս արդեն չեմ պատկերացնում կյանքս։ Պարզապես նույն տեղում մնալը քայլ առաջ չի լինի․ ես ուզում եմ, որ իմ ներկա աշակերտներն իմ գնալուց հետո կարողանան անել այն, ինչ չհասցրեցի ես։ Ես ուզում եմ, որ իրենց համար ես օրինակ լինեմ, որ տեսնեն, որ հնարավոր է ապրել գյուղում։ Ու ապրեն։ Իսկ տունս, որտեղ ապրում եմ, հուսով եմ, որ միշտ կլինի։ Գյուղի ապագան եմ կապում երեխաներիս հետ։ Ու ապագա երեխաներիս մանկությունը՝ նաև այս գյուղի:

vaghazin

-Կպատմե՞ք մի պատմություն, որն ամեն անգամ հիշում եք, հուզվում ու երբեք չեք մոռանա:

-Ձմռան սկզբին, երբ դեռ փայտ չունեինք, էլեկտրական պլիտա էինք վառում, ցուրտ էր մի քանի օր։ Մի օր ես ու ընկերուհիս, ով նույնպես դասավանդում է մեր դպրոցում, շալերով փաթաթված հաջորդ օրվա դասերն ենք պլանավորում, մեկ էլ լսում եմ՝ -Ընկեր Վարդանյա՜ն, բացեցինք ու․․ երեխաներս՝ բարձր դասարանի երեք տղա, մեկական հսկա գիրկ փայտ են բերել։ Աչքերս լցվել էին։ Էլ ցուրտ չէր․․․

vaghazinci erexaner

-Վաղազինի երեխաներն ի՞նչ երազանքներ ունեն: Տարբերվո՞ւմ են նրանք Երևանի երեխաներից:

-Երբ նոր էի գնացել, երեխաներս համարյա երազանքներ չունեին, իսկ հիմա ավելի վստահ են խոսում իրենց ապագայի մասին, ու արդեն նպատակներ ունեն։ Սա, իհարկե, միայն իմ ազդեցությունը չէ, ուղղակի սկսել են չվախենալ իրենց մտքերից։ Հաճախ եմ ասում, որ իրենց գլխում ծնված մտքերը գեղեցիկ են, երևի սկսել են հավատալ։ Երեխաները լավը կամ վատը չեն լինում, լինում են տարբեր ու երբեմն հեշտ չի լինում հասկանալ նրանց։ Ես ամեն օր մի քիչ ավելի եմ տեսնում նրանց ներսը։ Երևանում ինֆորմացիան չափազանց շատ է, երեխաների վրա տարատեսակ ազդեցություններ կան, չեմ կարող ասել, որ նման կամ տարբեր են։ Իմ գյուղում ևս բարձր դասարանում սիրահարվում են, ցածր դասարանում խաղում են, միջին դասարանում ընկերներ են փնտրում․․․ասել կուզեմ՝ սովորական երեխաներ են, պարզապես ես նրանց ավելի լավ գիտեմ, դրա համար եմ սիրում։ Արդար չի լինի համեմատել նրանց երեխաների հետ, ում չեմ ճանաչում, հետևաբար չեմ սիրում։ Ի դեպ, ես Արցախում եմ հասկացել՝ ճանաչիր, որ սիրես արտահայտությունը՝ երեխաների մասին, հայրենիքի մասին, սիրած տղամարդու մասին․․․: