Աբրահամյանները լքում են նավը


naxkin-varchapet-hovik-abrahamyan-vordun-qaxaqapet-pashtonum-arajadrelun-hanrapetakan-kusakcutyunum-demen

Արարատի մարզում արդեն որոշակիանում է՝ ով ով է և ով որտեղ է։ Որքան էլ անսպասելի էր, Աբրահամյանները զիջեցին դիրքերը, և այստեղ գործում է «ոչինչ հավերժ չէ այս լուսնի տակ» արտահայտությունը։

Աբրահամյանները, կարծես թե, հաշտվել են այս իրողության հետ, քանի որ մարզում համառորեն շրջանառվում է, որ Աբրահամյան եղբայրները Կրասնոդարում հողատարածք են գնել և զբաղվելու են ձկնաբուծությամբ։ Ավելին՝ Ջոնիկ Աբրահամյանը Կրասնոդար է մեկնել Ամբիկի հետ, ով Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորի եղբայրն է և նրա գործերի մի մասի կառավարիչը։

Իհարկե, այստեղ կա ևս մեկ հանգամանք, Աբրահամյաններին ծառայող ընտանիքների կրտսեր անդամները հույս ունեն, որ ավագների գնալուց հետո իրենց կրտսեր Աբրահամյանները «քաղցր» աչքով կնայեն․ ավագները ավագների հետ, կրտսերները՝ կրտսերների։

Ինչևէ, վերադառնանք Աբրահամյաններին։ Այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը հրապարակավ ժեստ արեց, թե ես դեռ ողջ եմ, սակայն իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին։

Իր հերթին Արգամ Աբրահամյանն է ժեստ անում, թե պատրաստ եմ իմ միջոցներով կառուցել Արտաշատը կամ փողոցները կամ էլ ինչ պատահի․ սա արդեն մարտահրավեր է։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ անգամ Հովիկ Աբրահամյանը Գերմանիայում բիզնես-ծրագրեր ունի, ինչը նշանակում է, որ դաշտը մնում է Արգամ Աբրահամյանին, որն էլ իր շուրջը կհավաքի Հովիկի հավատարիմների երիտասարդ շառավիղները՝ հոր կիսատ թողածը մարզում շարունակելու համար։

Իսկ ավագ Աբրահամյաններն այլ ծրագրեր ունեն․ եթե բիզնեսը տանում են դուրս, ապա բիզնեսի հետևից գնալու են նաև նրանք՝ հավատարիմների հետ։

Նշենք, որ Աբրահամյանները մարզում կորցրել են գրեթե բոլոր լծակները, վաճառել են բիզնեսների մի մասը, և կարծես թե իմաստ չունի երկրում մնալը․ չկա իշխանություն՝ չկա ազդեցություն։

Այստեղ դրական կամ բացասական իրողությունների խնդիր չէ, զավեշտալին այն է, որ Աբրահամյաններից հետո մարզում կհայտնվեն հերթական աբրահամյանները, ուղղակի այլ ազգանունով՝ նույն ֆունկցիաներով։

NEWSPRESS.am